BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Էմանուել Մակրոն. Մետաքսի ճանապարհը երբեք միայն չինական չի եղել

Էմանուել Մակրոն. Մետաքսի ճանապարհը երբեք միայն չինական չի եղել
10.01.2018 | 12:57

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթին սկսեց Սինայում` կատարելով իր առաջին այցը Չինաստան: Առավոտյան նա ելույթ ունեցավ Սինայի գիտնականների ու ուսանողների համար` քաղաք, որտեղից անցյալում սկսվել է Մետաքսի մեծ ճանապարհը: «Մետաքսի ճանապարհները երբեք միայն չինական չեն եղել»` հայտարարեց Մակրոնը Սինայի Տանգ դինաստիայի կայսերական պալատում: Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Մետաքսի նոր ճանապարհի կառուցումը պետք է օգնի այն երկրների տնտեսական զարգացմանը, որոնց տարածքով ճանապարհն անցնելու է:


2013-ին Չինաստանը հայտարարեց Մետաքսի ճանապարհի կառուցման նախագծի մասին, որ պիտի մեծացներ առևտրափոխանակությունը Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի երկրների միջև: 2017-ի մայիսին ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը խոստացավ լրացուցիչ 124 միլիարդ դոլար հատկացնել նախագծի իրականացմանը: Եվրոպացիները դա համարում են հարևան երկրների վրա վերահսկողությունը մեծացնելու Պեկինի ցանկության դրսևորում: Մետաքսի ճանապարհը կանցնի 65 երկրներով և կարժենա 1000 միլիարդ դոլար` ճշտում է France-Presse-ը: «Այդ ճանապարհը չի կարող լինել նոր հեգեմոնիայի ուղի, որ երկրներին կդնի վասալների կարգավիճակում»` հայտարարեց Էմանուել Մակրոնը: Ընդունելով Եվրոպայի որոշակի անվստահությունը Չինաստանի նկատմամբ` նա կոչ արեց եվրոպա-չինական հարաբերությունների նոր հաշվարկ սկսել` հիմնված «հավասարակշռված կանոնների» վրա: «Ես եկել եմ ձեզ ասելու, որ Եվրոպան վերադառնում է»` ազդարարեց Էմանուել Մակրոնը: 2017-ի հունիսին նա զգուշացնում էր եվրոպացիներին «միամիտ չլինել» Չինաստանի հետ առևտրական հարաբերություններում և առաջարկում էր վերահսկողություն սահմանել արտասահմանից, մասնավորապես Չինաստանից, կատարվող ուղղակի ներդրումների վրա` հիշեցնում է France-Presse-ը: Ֆրանսիայի ու Չինաստանի հարաբերություններում առևտրային դեֆիցիտը 30 միլիարդ եվրո է: Սինայում Ֆրանսիայի նախագահը խոստացավ Չինաստան վերադառնալ «տարեկան նվազագույնը մեկ անգամ», քանի որ մշակութային նախագծերը և ինֆրակառուցվածքների զարգացումը համապատասխանում են Ֆրանսիայի ու Եվրոպայի շահերին:


Էմանուել Մակրոնը վերստին շնորհակալություն հայտնեց Պեկինին` Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրին միանալու համար` նշելով, որ առանց Չինաստանի համաձայնագիրը «չէր վերապրի»: Թեպետ Չինաստանն աշխարհում առաջին տեղում է մթնոլորտ ածխաթթու գազի մթնոլորտ արտանետումներով, Մակրոնը հայտարարեց, որ Սի Ցզինպինին կառաջարկի «վերսկսել կլիմայի համար ճակատամարտը»:
«Մեր ճակատագրերը շաղկապված են: Ապագան Ֆրանսիայի կարիքն ունի` Եվրոպայում ու Չինաստանում: Մենք մարդկության հիշողության պահապաններն ենք և այդպիսին պիտի լինենք ապագայում»` եզրափակեց խոսքը Ֆրանսիայի նախագահը:
Ֆրանսիայի նախագահի Չինաստան եռօրյա այցի ընթացքում 50 առևտրական ու մշակութային համաձայնագրեր կստորագրվեն` տեղեկացրել է Ելիսեյան պալատը: Էմանուել Մակրոնը Չինաստանում է տիկնոջ` Բրիջիտի հետ: Երկուշաբթի նախագահական զույգերի ընթրիքն էր: Երեքշաբթի Մակրոններն այցելեցին Պեկինի կենտրոնում Արգելված քաղաք` աշխարհի ամենամեծ արքայական պալատական համալիրը: Մակրոնը հանդիպել է ՉԺՀ խորհրդարանի նախագահի ու վարչապետի հետ: Երեկ երեկոյան այցը եզրափակվեց պետական պաշտոնական ընթրիքով Պեկինի Ժողովուրդների պալատում:
RFI


Հ.Գ. 2018-ը Ֆրանսիայի նախագահը բուռն է սկսել` հունվարի 5-ին Փարիզում նա ընդունեց Թուրքիայի նախագահին, իսկ 8-ին արդեն Չինաստանում էր: Բանակցություններն Էրդողանի հետ հեշտ չէին. Մակրոնն ասաց` ինչ մտածում էր ժողովրդավարության ու ԵՄ-ում Թուրքիայի ապագայի մասին: Էրդողանը ինչպես միշտ կռիվ սարքեց լրագրողի հետ ու ասաց` ինչ ինքն է մտածում ժողովրդավարության մասին ու դաս տվեց, թե լրագրողը ինչ հարց պիտի տա իր պես մեծ նախագահին: Լրագրողն էլ պատասխանեց, որ տալիս է այն հարցերը, որ չեն կարող տալ թուրք լրագրողները: Սկանդալ չէր, բայց մոտ էր սկանդալի: Ընդհանուր առմամբ` այցը ճանաչողական էր` դիրքորոշումների հստակեցման և առաջ գնալու դռները բաց պահելու նպատակով: Փարիզում ցույց արեցին կոմունիստները, հայերն ու քրդերը` Էրդողանի այցի դեմ: Թուրքական մամուլը փոխանցեց միայն Էրդողանի խոսքերը, ֆրանսիականը գրեց` ինչ եղել է:


Իր որևէ ելույթում նախագահ Էմանուել Մակրոնը բառացի չի հայտարարել «Ֆրանսիան նախ և առաջ», բայց նրա վարած քաղաքականությունը հենց այդ կարգախոսի հաստատումն է: Հնարավորություններն իրենք իրենց են գալիս նրան ընդառաջ` Մեծ Բրիտանիան հեռանում է ԵՄ-ից, Գերմանիան խճճվել է միգրանտների ու ներքաղաքական խնդիրներում, Փարիզի ճանապարհը բացվում է ԵՄ առաջին երկիրը դառնալու համար: Եթե ձգի տնտեսությունը: Առևտրատնտեսական կապերի զարգացման համար Պեկինը պետք է Փարիզին` ներդրումների ու շուկայի հարցում: Մակրոնի ոչ մի նախադասություն պատահական չի հնչում` երբ նա ասում է` Եվրոպան վերադառնում է Չինաստան, նշանակում է` Ֆրանսիան վերադարձել է ու վերադարձնելու է Եվրոպային: Ինչպե՞ս կընդունի Սի Ցզինպինը: Կհաշվարկի ու կպարզի, որ ձեռնտու է ունենալ Եվրոպայի կենտրոնում կայուն ու երկարատև գործընկեր: Իսկապես էլ` Մետաքսի ճանապարհը երբեք միայն չինական չի եղել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ